ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց շրջանի վարչակազմի ղեկավարի օգնականը։
Կարմիր Շուկա գյուղի բնակիչներից մեկը 24News-ին ասաց, որ երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ նկատել են ադրբեջանական զինուժի շարժ, սակայն այսօր որևէ բան չի նկատվել, կրակոցներ և այլ գործողություններ չեն եղել ադրբեջանական կողմից։ «Երեկ շարժ եղել է, այսօր չկա, բնակչությունը չի տարհանվել», - ասաց մեր աղբյուրը։
Երեկվանից ադրբեջանական վերահսկողության տակ է անցել Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը, որից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա են տեղակայված հակառակորդի մարտական դիրքերը։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի։ «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»:
--00--ԿԿ