ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»,– այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր որի համաձայն
ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ 1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը.
2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները.
3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա:
--00--ՍԳ