ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում:
Ներկայում սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը: Բացառություն են այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:
Հեղինակներն առաջարկում են նշված բացառությունների շարքին ավելացնել նաեւ ոռոգման նպատակով կառուցվող ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը գյուղատնտեսության մի շարք ուղղությունների զարգացման հարցում:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի նախարարության արձանագրած մի շարք խնդիրների լուծմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորների նախաձեռնությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ հողային օրենսգրքում Կառավարության ներկայացրած փոփոխությունը:
Առաջարկվում է պարզեցնել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնմանն առնչվող գործընթացը:
Հանձնաժողովն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել:
--00--ՍԳ