ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարությանը։
«Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել և պետք է լուծվի առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման միջոցով։
Ի հավելումն բավարար իրավական և պատմական հիմքերի՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը և Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմք են տալիս ենթադրելու, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։
Արցախի զինված ուժերը Փարուխից և Քարագլխից երբեք կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի և Ակնեի (Ագդամի) ուղղությամբ, իսկ եթե Ալիևը հակառակն ապացուցող փաստեր ունի, թող հրապարակի։
Մինչդեռ Փարուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը սադրել է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ արձակելով ականանետեր։
Գազատարի միտումնավոր պայթյունից հետո դրա ուշացումներով վերականգնումը ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,-նշվում է Արտակ Բեգլարյանի՝ Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ։
--00—ԼՄ