ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները, Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը և խնդիրների լուծումներ առաջարկել։ Հանդիպմանը ներկա էր նաև Առինջ գյուղի վարչական պատասխանատուն:
Նշենք, որ տարիներ շարունակ, առանց լիազոր մարմնի թույլտվության, այդ տարածքում ապօրինաբար իրականացվել են նոր թաղումներ, ինչի հետևանքով ավերվել են պատմական խաչքարերը և գերեզմանաքարերը։ Խնդիրները տեղում փաստագրելով՝ Առինջի համայնքապետի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն նոր թաղումները և հողհատկացումները դադարեցնելու վերաբերյալ։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանձնարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կազմակերպել և իրականացնել մացառների և աղբի մաքրման աշխատանքներ, ասված է հաղորդագրության մեջ։
--00--ՆՍ