ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:
ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են արևելագետներ, լրագրողներ, փաստաբաններ, գործարարներ:
Պատվիրակությունը գլխավորել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ երկու պետությունների բարեկամական կապերն առավել քան երկդարյա պատմություն ունեն, և Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է: Նա ընդգծել է, որ Խուան Պաբլո Գեչիջյանն ու նրա ղեկավարած ընկերությունը կամուրջ են երկու ժողովուրդների միջև:
Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ այցի նպատակն է խորացնել մշակույթի և պատմության ճանաչելիությունը:
«Մեծ համակրանք ունեմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, հետաքրքրված եմ հայկական հարցով: Մենք այստեղ ենք ապրիլի 24-ին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- ասել է լրագրող-փաստաբան Կարլոս Մասլատոն:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական կապերի զարգացմանը, բարեկամական խմբերի համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: