Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

photo-1-2.jpg

«Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների և խորհրդարանների միջև բավականին ներդաշնակ են զարգանում»,- ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը, մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հատկապես 2019 թ. ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Կայացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական փոխայցերը: Սակայն, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի մակարդակով ժամանակավորապես ընդհատվել էին: Չնայած այդ հանգամանքին` հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների խորհրդարանների միջև չի ընդհատվել, և երկուստեք շահագրգիռ են հայ-գերմանական առավել խորացված համագործակցությամբ:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը գնահատում է Գերմանիայի կառավարության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը` ուղղված մեր երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական ոլորտներում բարեփոխումների աջակցմանը:

Վլադիմիր Վարդանյանը եւս կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլերը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության որդեգրած սկզբունքային քաղաքականությունը:

Երկուստեք կարևորել են միջազգային գործընկերների արձագանքը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը:

Այս առնչությամբ նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Բունդեսթագում կայացած անաչառ քննարկումները:

Ընդգծվել է Հայաստանում GIZ եւ IRZ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:



--00--ՀԶ