Փաշինյանը և Էրդողանը Կուրբամ Բայրամը և Վարդավառը առիթ ընտրեցին ինչ-որ բան փոխանցելու համար․թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

քաղաքական

Այնքան էլ նորմալ չէ, որ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրար տոն են շնորհավորում, որովհետև պետության ղեկավարները կա՛մ իրար ծնունդ են շնորհավորում, կա՛մ էլ ազգային տոնը, ոչ թե Կուրբամ Բայրամը և Վարդավառը։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Ըստ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների պաշտոնական, նույնաբովանդակ հաղորդագրությունների՝ հուլիսի 11-ին Փաշինյանը և Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել, շնորհավորել միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, «ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»: 

Թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով՝ նման շնորհավորանքով հեռախոսազրույցներ լինում են այն ժամանակ, եթե կողմերն ուզում են իրար ինչ-որ բան փոխանցել։ «Կարծում եմ, որ նրանք Կուրդամ Բայրամը, Վարդավառը առիթ ընտրեցին իրար ինչ-որ բան փոխացելու համար, ուրեմն կարևոր բան կար իրար հետ խոսելու։ Այս դեպքում ոչ թե Փաշինյանի կողմից է դա գալիս, այլ Էրդողանի կողմից, որովհետև Թուրքիան ավելի ակտիվացավ, արդեն խառնվում է Հայաստանի ներքին գործերին։ Թուրքիայի իշխանություններն արդեն թեթև սպառնում կամ զգուշացնում են՝ «այնպես չլինի, որ ընդդիմությունն ինչ-որ բան նախաձեռնի, որ Հայաստանում իշխանափոխություն լինի»։ Այս իշխանությունը Թուրքիային պետք է առաջին հերթին, որ հլու-հպատակ իր ամեն ասածն անում է։ Թուրքիային պետք է, որ Հայաստանի այս իշխանությունը շարունակի մնալ մինչեւ իր գործերի ավարտը, ցանկությունների իրականացումը»։

Հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում նաև ակնկալիք էին հայտնել, որ «հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»: Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյուքներով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածության են հասել երկրների սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու շուրջ։

Ըստ Տիրան Լոքմագյոզյանի՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացմամբ հետաքրքրված չէ, բացման մասին միայն հայկական կողմն է խոսում։ «Իսկ այն, որ որոշեցին սահմանը բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների համար, այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում դա։ Եթե սահմանները հայ-թուրքական են, ապա առաջինը հայը և թուրքը պետք է օգտվեն, ոչ թե 3-րդ երկիրը։ Իսկ ընդհանրապես, ո՞վ է այդ 3-րդ երկիրը, դա այս տարածաշրջանում կարող է լինել միայն Ադրբեջանը։ Ինձ համար քիչ հավանական է, որ 3-րդ երկրների քաղաքացիներ տուրիստներին նկատի ունեն», - եզրափակեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ