ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նա վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»,– նշել է Թորոսյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել 8 օր առաջ՝ հուլիսի 17-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի հետ տեղի ունեցածի մասին։
«Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
«Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։
--00--ԱՀ