ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Պաշտպանության նախարարությունը, ի թիվս այլնի, առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից 24 միլիոն դրամ ՀՀ պետական բյուջե վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 24News-ին ասաց, որ ծանոթ չէ նախագծին, բայց մի շարք դիտարկումներ արեց պարտադիր զինծառայության վերաբերյալ։
«Ծանոթ չեմ ՊՆ նախագծին, մեկնաբանելու համար պետք է ծանոթ լինեմ։ Ամբողջական պետք է ծանոթ լինեմ հետևություններ անելու համար։
Ընդհանուր առմամբ գնահատում եմ բացասական։ Եթե մարդ կարող է փողով հայրենիքին չծառայել, նշանակում է փողով հայրենիքը վաճառել», - նշեց Մովսես Հակոբյանը։
Հակոբյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության արական սեռի ցանկացած ներկայացուցիչ իր պարտքն ունի հայրենիքի հանդեպ՝ «հաշվի առնելով, որ ինքը և իր ծնողներն այդ հայրենիքի հողի բերքն են կերել, հայրենիքի ջուրն են խմել, հայրենիքի օդն են շնչել»։
«Բոլոր քաղաքացիներն ունեն պարտավորություն փոխհատուցելու», - եզրափակեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը։
Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
--00—ԼՄ