Եգիպտոսի նորանշանակ դեսպանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

 



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:



Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթել:



«Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ,  և դա պարտավորեցնող է մեզ համար, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախագահը՝ շեշտելով, որ փոխգործակցության համար լավագույն խթան կլինի հաջորդ տարի Եգիպտոսի նախագահի սպասվող այցը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Եգիպտոսի Հանրապետությունը Հայաստանում և իր նպաստն ունենալ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների զարգացման գործում:



Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին նոյեմբերին Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցության համար:



Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկայիս շփումներին և տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին ու խոչընդոտներին և կարևորել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ իրականության ներկայացումը գործընկեր երկրների ներկայացուցիչներին:



Նորանշանակ դեսպանն անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:



--00--ԶՀ