ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ իրենք կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Իրանի դեմ` Իրաքյան Քուրդիստանում ռազմական գործողությունների դիմելու համար։
Այդ մասին նա Կոլոննան հայտարարել է քրդական Rudaw լրատվամիջոցի հետ զրույցում՝ նշելով, որ նախկինում էլ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, և հնարավոր է կրկին նման որոշում ընդունել, եթե «անհրաժեշտ լինի»։
«Մենք խոսում ենք կողմերից յուրաքանչյուրի հետ: Իմ գործընկեր Ֆուադ Հուսեյնը (Իրաքի արտաքին գործերի նախարարը) գիտի, որ մենք իսկապես մտահոգված ենք և զրուցում ենք այդ գործողությունների պատասխանատուների հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել: Մենք դա նախկինում արել ենք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։
--00—ԶՀ