ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կկանգնի դատարանի առաջ՝ փողերի լվացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Նշվում է, որ 46-ամյա նախկին ֆուտբոլիստը կապված է «կասկածելի օպերացիաների հետ, որոնց մասին հայտնել են փողերի լվացման դեմ պայքարով զբաղվող գործակալները»:
Տոտտիի բանկային հաշիվները կուսումնասիրվեն հետաքննողների կողմից, որոնք զբաղվում են վերջին 2,5 տարում բուքմեյքերական ընկերությունների հետ կապված գործառնությունների ուսումնասիրմամբ:
Նշված գործարքներից մեկն իրականացվել է 2022 թվականի օգոստոսին: Տոտտին առանց տոկոսի 80 հազար եվրո է տրամադրել իր հարազատներից մեկին: Ի սկզբանե այդ գումարը պետք է փոխանցվեր իր ընկերոջ կնոջ և դստեր ընդհանուր հաշվին, հետո անցներ ամուսինների ընդհանուր հաշվով, և հետո հայտնվեր ընկերոջ անձնական հաշվի վրա:
2020 թվականի հունիսին երկու բանկային հաշիվներից, որոնք պատկանել են Տոտտիին, իրականացվել են կասկածելի գործարքներ Մոնակոյի, Լոնդոնի և Լաս-Վեգասի խաղատներում:
«Կասկածներ կան, որ տարբեր միջազգային խաղատների փոխանցվել են իրական գումարներ»,- ասվում է փորձագետներից մեկի տված զեկույցում:
--00—ՅՄ