ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ոստիկանության Ապարանի բաժնում հունվարի 10-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արագյուղի գերեզմանատնից գողացել է ծնողների գերեզմանի դյուրալյումինե նախշազարդերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ աղբյուրի՝ Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Կոտայքի մարզի Արզական գյուղի 28-ամյա բնակիչը: Նա հունվարի 18-ին Արզական գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
--00--ԱՀ