ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Գեղարքունի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներից որևէ քաղաքացիական անձ չի վիրավորվել, քաղաքացիական օբյեկտ չի վնասվել։ Այս մասին 24News-ին ասաց Վարդենիս համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Ըստ նրա՝ կրակոցները տևել են մոտ 10 րոպե։ Ասատրյանն ասաց, որ սեպտեմբերյան բախումների հետևանքով մարտական դիրքերին մոտակա տներից ընդամենը մեկ ընտանիք է հեռացել։
Երեկ ՀՀ ապշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: «Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»։ Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը 24News-ի հետ զրույցում նշել էր, որ զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ