ԱՀ ԱԺ-ում Վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու է առաջադրվել․ ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Փետրվարի 23-ին գումարվել է Արցախի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: Այն վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները նիստին չմասնակցելու  որոշում են կայացրել՝ հաշվի առնելով հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրները:

Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցն էր:

ԱՀ ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է դատավորի  թեկնածու Արսեն Ամիրջանյանի կենսագրական և աշխատանքային գործունեության տվյալները:

Դատավորի թեկնածուի խոսքը լսելուց հետո, խորհրդարանը հարցի քննարկումը հետաձգել է մինչև ԱԺ առաջիկա հերթական նիստը՝ հաշվիչ հանձնախմբի քվորումի բացակայության պատճառով:

Հաջորդիվ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հարցեր էին:

««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 23 կողմ ձայնով օրենքն ընդունվել է:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 25 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն  Մանգասարյանը, ներկայացնելով  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ գլխադասային հանձնաժողովի ընթացքում պատգամավորների կողմից  ներկայացված «Ուկրաինա» բառը «արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետություն» արտահայտությամբ փոխելու  մասին առաջարկությունն  ընդունվել և ներկայացվել է լրամշակված տարբերակով:

Օրինագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: 25 կողմ ձայնով նախագիծն ընդունվել է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին» օրենքի նախագծին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նախօրեին տվել էր դրական եզրակացություն: Օրենքի նախագծին խորհրդարանը քվեարկել է 24 կողմ ձայնով: Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:

Օրենսդրական վերջին փոփոխությունը սահմանված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով: Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, որից հետո խորհրդարանի միաձայն որոշմամբ այն ընդունվել է որպես օրենք:

Պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Արամ Գրիգորյանը և Արթուր Հարությունյանը  հանդես են եկել հայտարարություններով:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորների հարցերին պատասխանել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու կառավարության անդամները:

8 պատգամավորի կողմից հնչեցվել է 14 հարց: Դրանք բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների, վարկերի փոխհատուցման, սեյսմիկ վտանգի գնահատման, կտրոնային համակարգի արդյունավետության, Արցախի խնդրի միջազգայնացման արդյունքների, կրթության որակի ու դպրոցների, նախակրթարանների բնականոն գործունեության վերաբերյալ էին:

--00—ԼՄ