ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Զգալի աշխատանք է կատարվում անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Այս մասին ԱՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը»,-նշել է նա։
Հարությունյանն ընդգծել է, որ խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար:
«Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները»,-ասել է նա։
--00—ՅՄ