ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ադրբեջանական շրջափակումն Արցախի տնտեսության ինչպես բոլոր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության վրա իր բացասական հետքն է թողել, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ բենզինի և դիզվառելիքի սղությամբ պայմանավորված՝ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները վաղուց դադարեցվել էին և միայն վերջերս են մեկնարկել:
«Փորձել ենք դիզվառելիք տնտեսել, ինչի շնորհիվ պահուստային ֆոնդից այս պահին այն տրամադրում ենք հողօգտագործողներին, որպեսզի կարողանան իրականացնել գարնանացանի աշխատանքները»,-մանրամասնել է գերատեսչության ղեկավարը։
Հայաստանից Արցախ գազամատակարարման պարբերական խափանումներն Ադրբեջանի կողմից լուրջ խնդիրներ են առաջացրել գազով ջեռուցվող ջերմոցների տնտեսվարողների համար:
«Մարդիկ հաճախ են բարձրաձայնում, որ ջեռուցվող որոշ ջերմոցներում ներկայում բանջարեղեն չի մշակվում: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ տնտեսվարողները ժամանակին առնչվել են գազի անջատման հետ, ինչի հետևանքով վնասվել են սածիլները և այլն: Այդուհանդերձ, ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ ծրագիրը շարունակվում է և փորձում ենք բարելավել՝ շեշտը դնելով հիմնականում ջեռուցվող ջերմոցների վրա»,- նշել է Արցախի գյուղոլորտի ղեկավարը։
Այս ընթացքում բավականին տուժել է նաև անասնաբուծության ճյուղը. անասնակերի պակասի պատճառով ֆերմերները ժամանակից շուտ են իրականացնում կենդանիների մորթը: Բացի այդ, շուկայում տավարի մսի պակաս է նկատվում, որը նախարարի պարզաբանմամբ, առաջացել է պատերազմից հետո՝ արոտավայրերի և անասնագլխաքանակի կորստի պատճառով: Շրջափակման պայմաններում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնած Հրանտ Սաֆարյանն առաջնահերթություն է համարում պարենային անվտանգությունն ապահովումը:
«Այս առումով կուտակված փորձ արդեն կա, ուղղակի պետք է ավելի շատ ներդրումներ կատարել: Պարենային ինքնաբավությունից, ճիշտն ասած, դեռ հեռու ենք: Մեկ տարում չենք կարող դրան հասնել, ժամանակ է պետք: Այսօր գյուղատնտեսության ոլորտում պահանջվող համապատասխան ներդրումները կատարելու դեպքում, կարծում եմ, երկու-երեք տարում կարող ենք լավ արդյունքներ ունենալ»,- նշել է Հրանտ Սաֆարյանը։
--00—ԶՀ