ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Արևմտյան մամուլը Հայաստանը դասում է այն երկրների շարքում, որոնց միջոցով Մոսկվան ներմուծում է ռազմաարդյունաբերական ոլորտի արգելլված ապրանքներ։
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Գրում է «Ամերիկայի Ձայնը»։
Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրամիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով, այն կթիրախավորի ոչ ռուսաստանյան ընկերությունները, որոնք օգնում են Մոսկվային ուղղակի կամ անուղղակի շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ, փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառել ավելի քան 35 ընկերությունների նկատմամբ՝ Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ուզբեկստանից և Հայաստանից, քանի որ վերջիններս աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:
--00—ՍՊ