Բայդենն Էրդողանին հայտնել է, որ Թուրքիային F-16-երի մատակարարումը բխում է ԱՄՆ-ի շահերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

30893a4f-76fb-44b7-a7f2-ddc4000fdb61.jpg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է ամերիկյան շահերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենի ինքնաթիռում՝ Մեծ Բրիտանիա ուղևորվելիս, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ պաշտոնյայի՝ Բայդենը վերահաստատել է Թուրքիային F-16-եր մատակարարելու գործընթացին իր աջակցությունը։

«Նախագահ Բայդենը հետևողական կերպով հստակ ասել է, որ իր համոզմամբ՝ Դաշինքի և ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների համար այս վաճառքն առաջ տանելն իմաստ ունի, բխում է մեր շահերից», - նշել է Սալիվանը։

Սալիվանը նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և պայմանավորվել են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։

Բայդենն Էրդողանին հայտնել է, որ կցանկանար հնարավորինս շուտ Շվեդիային ողջունել ՆԱՏՕ-ում։



--00—ԶՀ