ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը:

Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով:

Ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ սա ամենը չէ: Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ ընդունվեց: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը:

Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:

Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ