ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հայաստանի առևտրային բանկերը՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի», մարտի 29-ից դադարեցնում է ռուսական «ՄԻՐ» վճարային քարտի սպասարկումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին 24News-ին հայտնել է բանկային համակարգի պատասխանատու մի պաշտոնյա։
«Ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառել «ՄԻՐ»-ի նկատմամբ։ Հայաստանում այդ վճարային քարտը սպասարկում է ArCa պրոցեսինգային կենտրոնը, որը միաժամանակ իրականացնում է Visa-ի և MasterCard սպասարկումները։ Visa-ն և MasterCard-ը հրաժարվում են աշխատել մի ընկերության հետ, որը միաժամանակ սպասարկում է պատժամիջոցների տակ գտնվող «ՄԻՐ» համակարգը, ու, որպես հետևանք, իրավունք չունեն այս դեպքում աշխատել ArCa- հետ։ Հետեւաբար, այլ տարբերակներ պարզապես չեն մնացել։ Հակառակ դեպքում մեր երկիրը կմնար առանց միջազգային քարտեզների», - նշել է մեր զրուցակիցն ու հավելել, որ «ռուսական կողմին չնեղացնելու համար այս ամենը ներկայացվել է իբրև մասնավոր բանկերի որոշում, սակայն ԿԲ-ն այլընտրանք ուղղակի չուներ»։
24News-ը կապվել է Կենտրոնական բանկի հետ, որտեղից էլ խնդրել են այս թեմայի վերաբերյալ ուղարկել գրավոր հարցում։
--00—ԼՀ