Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ւ.

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի տարածքում ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև առաջին կամրջային անցումն Արաքս գետի վրայով շահագործման է հանձնվել 1996 թ.։ Գործող կամրջի երկարությունը 192 մ է։

Նախքան կամրջի շահագործումը երկու երկրների միջև բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվել է լողացող կամրջի միջոցով։ Իրանի մասնագետների կողմից Մեղրիի սահմանային անցակետում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ իրականացված վերջին հետազոտության համաձայն՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն աճել է։

Հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։

Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։

--00—ԼՀ