ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար։ Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:
ԱՆ խոսնակը հայտնեց նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:
Ծատրյանը վստահեցրեց, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:
Նա հավելեց նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:
--00—ՅՄ