ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) բարձրացնում է անդամ բոլոր հինգ պետությունների ինքնիշխանության մակարդակը, քանի որ այդ հարթակում ընդունվող որոշումները կոնսենսուսային են՝ անկախ երկրների մեծությունից, ՀՆԱ-ից և բնակչության քանակից։ Այս մասին «Զվեզդա» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Հաղորդավարի այն դիտարկմանը, որ այսօր Եվրոպական միությունը փորձում է ճնշել իր անդամ պետություններից օրինակ Լեհաստանին կամ Հունգարիային ընդունել որոշումներ, որոնք դեմ են այդ երկրների արժեքային համակարգին ու հարցին, թե որո՞նք են որոշումների ընդունման մեխանիզմների տարբերությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Սարգսյանը նկատել է։
«ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առկա տարբերություններից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ-ում ընդունվող որոշումների մեծամասնությունը կոնսենսուսային է՝ անկախ անդամ երկրի բնակչության քանակությունից կամ ՀՆԱ-ից։ Ասենք, փոքր Հայաստանը կամ Ղրղզստանն ունեն ձայնի նույն իրավունքը, ինչ 180 մլն բնակչություն ունեցող Ռուսաստանը։ Եթե Հայաստանն ու Ղրղզստանը դեմ քվեարկեն, ապա ոչ մի որոշում չի ընդունվի։ Տեսեք, թե սա ինքնիշխանության ինչ կարևոր գործիք է։ 3-5 մլն բնակչություն ունեցող երկիրը կարող է ազդել 180 մլն բնակչություն երկրի վրա», - ընդգծել է նա։
Խոսելով ԵԱՏՄ-ի կարևորության մասին հենց Ռուսաստանի Դաշնության համար՝ Սարգսյանը նկատել է, որ մի քանի տարի առաջ շատերը հարց էին բարձրացնում, թե արդյո՞ք ՌԴ-ին պետք է այս կառույցը, սակայն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում, երբ սկսվեցին կիրառվել տնտեսական պատժամիջոցները, այդ քննադատներն անգամ հասկացան ԵԱՏՄ կարևորությունը։
«Տեսեք, ՌԴ-ում, օրինակ, ԵԱՏՄ-ի մասին կասկածներով խոսողները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո հասկացան, որ ՌԴ-ն ԵԱՏՄ-ի կարիքն ունի, որպեսզի կարողանա իրացնել իր ինքնիշխանությունը։ Այն, որ ՌԴ-ի դեմ ընդունված տնտեսական պատժամիջոցներն այդքան արդյունավետ չէին, ինչպես շատերը կանխատեսում էին, ԵԱՏՄ գործունեության շնորհիվ է։ ՌԴ-ն կարողացավ դիվերսիֆիկացիայի ենթարկել իր տնտեսական կապերը հենց ԵԱՏՄ-ի շնորհիվ», - հավելել է նա։
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։
--00—ԱՊ