ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Ռոստովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքում։
Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Շեբեկինո քաղաքի և Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծությունների հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Վնասվել են գազի և էլեկտրական հոսանքի մատակարարման գծերը։
Կուրսկի իշխանությունները հաղորդել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է մարզում տեղակայված ցածրավոլտ սարքավորումների գործարանին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Ռոստովի իշխանությունները հայտնել են մարզի երկնքում 4 ԱԹՍ խոցելու մասին, տուժածներ և ավերածություններ չկան։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը հայտնել են, որ ռուսական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարբեր նահանգների։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ օդային տագնապի ազդանշան է հայտարարվել Կիևի մարզում, ԱԹՍ-ները շարժվել են նաև Չեռնիգովի և Վիննիցայի մարզերի ուղղությամբ։
Իսկ Դոնեցկի մարզում, ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի, հուլիսի 14-ին ռուսական ուժերի կողմից Միրնոգրադ քաղաքի գնդակոծության հետևանքով փլուզված շենքի փլատակներից հանել են ևս 2 հոգու մարմին։ Այսպիսով, շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 3-ի, 6 մարդ վիրավորվել է։
--00—ԼՀ