ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մայիսի 22-ից։
Մելքոնյանը 2023 թվականի՝ եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է բնակարան Երևանում՝ բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականի մարտին: Սակայն հաշվետու տարվա վերջում դատավորը բնակարանի հետ զուգահեռ հայտարարագրել է նաև հողամաս, որտեղ նրա սեփականությունը 1/3 բաժինն է, վերջինս գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում․ Մասիս Մելքոնյանը հողամասը ձեռք է բերել 2023 թվականի դեկտեմբերին:
Դատավորը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2003 թվականի Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Հաշվետու տարվա վերջում տրանսպորտային միջոցը պահպանվել է, սակայն Մելքոնյանը շահագործել է նաև իրեն սեփականության իրավունքով չպատկանող՝ 2012 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան:
Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 413 հազար դրամ, որը դատարանից ստացած աշխատավարձն է:
Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդուն՝ Լևոն Բանդուրյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանը առավել հայտնի է դատական համակարգում որպես իշխանության «սրտի դատավոր»: Ավելին՝ նա իր հավատարմությունը ցույց տալու համար ակտիվորեն հետևում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին, ակտիվորեն հավանում կամ «սրտիկներ» է դնում դրանց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
--00—ԱՊ