ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Իսրայելն առաջարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին տրամադրել Գազայի հատվածից անվտանգ ելք՝ իրենց մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու և անկլավի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի առևանգված և անհետ կորած քաղաքացիների հարցերով հանձնակատար Գալ Հիրշը։
«Ես պատրաստ եմ ապահովել Սինվարի, նրա ընտանիքի և բոլոր նրանց անվտանգ անցումը, ով կցանկանա միանալ նրան», - հայտարարել է Հիրշը:
«Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին: Մենք ցանկանում ենք ապառազմականացում, ապաարմատականացում, իհարկե՝ նոր համակարգ, որով կկառավարվի Գազան», - նշել է նա։
Հիրշի խոսքով` նա իր առաջարկն առաջ է քաշել մեկուկես օր առաջ։ Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք դրանք արձագանքել են:
Ներկայում ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն աշխատում են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ ներկայացնելու ուղղությամբ։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 000-ի։
--00--ԼՀ