ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Լավ կլիներ, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ, չնայած բոլոր թերություններին, հավատացեք, որ դա մեր մեղքը չէ», - ասել է նա՝ նշելով, որ բելառուսներն ամեն կերպ օգնել են հայերին և համագործակցել, բայց նրանք ցանկանում էին գնալ դեպի Արևմուտք, դեպի ԵՄ։
«Հայերը շատ խելացի են, մոտ ապագայում նրանք կհասկանան` որտեղ է իրենց երջանկությունը»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ արդեն կա ավանդական հարաբերություններում, ամեն ինչ կարող է պատահել, բայց չպետք է կորցնել այն, ինչ ունենք։
Երկրի ղեկավարը նշել է առանձնահատուկ վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր Բելառուս են ժամանել ոչ միայն Հայաստանից, այլև այլ վայրերից։ Ավելին, նա նշել է, որ բոլոր ժամանածները գրագետ մարդիկ են, ովքեր գիտեն գնահատել իրենց ընտանիքը, իսկ ոմանք նույնիսկ ընտանիք են կազմում Բելառուսում։ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նման խառը ընտանիքներում, որպես կանոն, ծնվում են գեղեցիկ և տաղանդավոր երեխաներ. «Եկեք, թող ընտանիքներ գան, բոլորի համար կստեղծենք աշխատանք», - կոչ է արել Լուկաշենկոն։
--00—ՅՄ