ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Բավարիայի» 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով ստիպված է եղել դադարեցնել նախավարժանքը Բրեմենի «Վերդերի» հետ այս րոպեներին ընթացող 4-րդ տուրի խաղից առաջ։ Այս մասին «Bayern & Germany»-ն տեղեկացնում է «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Նոյերը վնասել է ազդրը։ 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը չվտանգելու համար մյունխենյան ակումբի մարզչական շտաբը որոշել է առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերել պահեստային դարպասապահ Սվեն Ուլրայխին։
Այս մրցաշրջանում Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցից երեքում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
--00—ՅՄ