ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
«Ամերիկայի ձայն»․ Թեև նախորդ ամիսներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հետևողականորեն ջանքեր էր գործադրում՝ չեզոքացնելու Գազայում ընթացող հակամարտությունը՝ զգուշացնելով Իսրայելին զերծ մնալ ռազմական գործողությունները հարևան Լիբանան տեղափոխելուց, սակայն նախորդ շաբաթների զարգացումները շատերի մոտ մտահոգություններ են առաջացրել, թե գործը գնում է դեպի տարածաշրջանային պատերազմ։
Չորեքշաբթի Բեյրութում դարձյալ հուժկու պայթյուններ էին։ Իսրայելը պնդում է՝ իր զինված ուժերի թիրախում «Հեզբոլլահն» է: Իրավիճակը սրվում է նաև հարևան Սիրիայում․ տեղի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի Դամասկոսին հասցված իսրայելական հարվածների հետևանքով երեք քաղաքացի է զոհվել։ Հաջորդ օրը հարվածների քանակն աճել էր:
Երեքշաբթի Իրանը 180 հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով Հորդանան գետի արևմտյան ափում սպանվել է առնվազն մեկ մարդ, Հոդ Հաշարոն քաղաքում վնասվել է մեկ դպրոց:
Թեհրանի ներկայացմամբ՝ երեքշաբթի օրվա իր գրոհը Իսրայելի կողմից «Հեզբոլլահի», «Համասի» առաջնոդների ու Իրանի ռազմական գործիչների սպանությունների պատասխանն էր:
Սպասվում է, որ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնելու։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի քննարկել է մերձավորարևելյան զարգացումները Մեծ յոթնյակի առաջնորդների հետ:
«Կքննարկենք իսրայելցիների հետ, թե ինչ են նրանք մտադիր անել, բայց բոլորս համաձայն ենք, որ նրանք իրավունք ունեն պատասխանելու, և պետք է պատասխանեն՝ համարժեք կերպով»,- ասել է Բայդենը:
--00—ՍՊ