ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդումը ներկայացրել է՝ 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, այսպես կոչված՝ «ողջունելու» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար։
Ընդ որում, որպես ձգձգում որակել են ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա։ ԲԴԽ-ում այսօր կայացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որի ընթացքում ՀՀ արդարադատության ներկայացուցիչը, ներկայացնելով մանրամասները, հայտնեց, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստերին չներկայանալը չէր կարող համարվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ։ Դատական նիստերը հետաձգվել են նաև ամբաստանյալներից մեկի առողջական խնդիրների վերաբերյալ միջնորդությունների հիման վրա, որոնցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ