ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Ասադ Ահմադ Խանը խնդրագիր է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնին, որը, իրավաբանի ձևակերպմամբ, մարդկության դեմ հանցագործություններ է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՄՔԴ-ի կայքում:
«Համակողմանի, անկախ և անաչառ հետաքննությունից հետո եկել ենք այն եզրակացության, որ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ավագ գեներալ և Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը քրեական պատասխանատվություն է կրում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար»,- նշել է Խանը:
Նրա հավաստմամբ՝ Հլայնը մեղավոր է երկրում բնակվող ռոհինջա էթնիկ խմբի ներկայացուցիչներին 2017 թվականին արտաքսելու և հալածելու համար: Խանը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ իր գերատեսչությունը Մյանմայի բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորելու խնդրագիր է ներկայացրել ՄՔԴ:
--00—ԼՀ