Խոշոր վթար-հրդեհ՝ Սյունիքում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_14-36-00

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանի հենակետից 1-ական մարտական հաշվարկ։

Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը, ում կողմից հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

--00—ՅՄ