ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
2025 թվականի շեմին հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ ուժն է։
Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները թողնելով փորձությունների հորձանուտը։ Մենք այն ժողովուրդն ենք, որը բարձրանում է, կառուցում է և վերականգնում, կերտում է և վերածնվում ու իրար ուժ տալով գնում առաջ։
Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը։ Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր նվիրական արժեքներն ու պետականությունը և համոզեն, թե հույսը մարել է։
Պետք է հավատանք ինքներս մեզ և մեր հավաքական ուժին, որպեսզի կարողանանք նվիրումով պահպանել պետականությունը. միայն մեր Հայաստանում կարող ենք ապրել ապահով և արժանապատիվ` հայի իրական ինքնությամբ:
Շնորհավորում եմ Նոր՝ 2025 թվականը։
Թող այս տարին բերի խաղաղություն և ուժ բոլորիս ու մեր Հայրենիքին»։
--00—ՅՄ