ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հաստատման դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

գն.j

Ակնկալվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի, եթե այդ համաձայնագիրը հաստատվի Իսրայելի և շարժման կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյայի։

Ավելի վաղ Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին էր փոխանցել հրադադարի ռեժիմի սահմանման և շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի ամփոփ նախագիծը։ Հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում գրանցվել է մեծ առաջընթաց։ 

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում են Իսրայելից գերեվարված 251 պատանդից 94-ը, այդ թվում՝ առնվազն 34 զոհված պատանդների մարմինները։

Հրադադարի համաձայնագիրը կտևի 42 օր. առաջին փուլի ընթացքում ազատ կարձակվեն 33 պատանդները, և, հավանական է, նաև կվերադարձվեն զոհված պատանդների մարմինները։

Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ համաձայնագիրը շատ շուտով կկնքվի, և որ Իսրայելը պատրաստ է անմիջապես այն իրագործել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես լավատեսորեն է տրամադրված։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ հունվարի 13-ի իր ուղերձում նա նշել է, որ ԱՄՆ-ն «ուժեղ ճնշում է գործադրում» գործարքը կնքելու համար։

«Մեր կազմած գործարքով պատանդները կազատվեն, մարտերը կդադարեն, կապահովվի Իսրայելի անվտանգությունը, և մեզ հնարավորություն կտրվի զգալիորեն մեծացնել հումանիտար օգնությունը պաղեստինցիներին, որոնք սարսափելի տուժել են ՀԱՄԱՍ-ի մեկնարկած այս պատերազմում: Նրանք դժոխքի միջով են անցել», - ասել է Բայդենը։

Իր հերթին, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին հայտնել է, որ համաձայնագրի կնքումը շատ մոտ է, իսկ դրա խափանման դեպքում սարսափելի հետևանքներ կլինեն։ 

«Նրանք պետք է դա իրագործեն։ Եթե դա տեղի չունենա, ապա այնտեղ լուրջ անախորժություններ կլինեն, այնպիսի անախորժություններ, որ նրանք երբեք չեն տեսել։ Նրանք դա ավարտին կհասցնեն», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր ընկալմամբ՝ «եղել է ձեռքսեղմում», և համաձայնագիրը կարող է կնքվել «գուցե շաբաթվա վերջին»։ 

Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի ապագա բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը նույնպես մասնակցել է բանակցություններին՝ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ միասին։ 

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։ 

--00—ԼՀ