ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարությանը և ՄԱԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և դրական գնահատել Հայաստանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի հետ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նա կարևորել է հստակ թիրախների ու միջոցառումների նախանշումը՝ զարգացնելու Հայաստանի ազգային կարողությունները մարդկային կապիտալի զարգացման, որակյալ կրթության և առողջապահության, խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրման, ներառական և կայուն տնտեսական զարգացման, պարենային անվտանգության, կանաչ անցման, թվային փոխակերպման ոլորտներում։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ-ՄԱԿ ծրագրային համագործակցությունը պետք է բխի Հայաստանի կարիքներից ու առաջնայնություններից և նպաստի ճգնաժամերի ու արտակարգ իրավիճակների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել է 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման առաջընթացը, առկա բացերը և հետագա ծրագրային համագործակցության հեռանկարային ուղղությունները:
--00—ԼՀ