Փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

timthumb

Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։։

«Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք ղադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»:

Ըստ տվյալ կոպիտ մուտքային սխալի՝ մեթոդաբար փորձ է կատարվում հրաժարվել այդ «մեղքի» տարրերից, դիցուք՝ Արցախից, Մասիս սարից և այլն, մինչդեռ հրաժարումից հետո, երբ թվում է, թե այլևս «մեղավոր» չպետք է լինենք, ստանում ենք թշնամական նկրտումների հերթական չափաբաժինն՝ ի դեմս «Զանգյազուրի», «Ալագյազի» կամ ամբողջապես «Արևմտյան Ադրբեջանի» և ապշած մտածում՝ «բայց չէ՞ որ մենք արդեն մեղավոր չէինք»։ 

Մինչդեռ սխալի շտկման բանալիներւց մեկն, օրինակ՝ մի քանի պարզ թվացող հարցերի պատասխանելն է. իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին նույն այդ Օսմանյան կայսրությունում կամ ինչո՞ւ են Արցախին և ընդհանրապես ոչ մի բանի չհավակնող կովկասյան պարսիկները (թաթերը) պետական ձուլման քաղաքականության թիրախ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար»։

--00—ՅՄ