ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։
Քարտեզի մի հատվածում՝ Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ, կարելի է նկատել, որ սահմանի երթուղու փոփոխության արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ին զգալիորեն ավելի շատ տարածք է անցել, քան Հայկական ԽՍՀ-ին: Մեր կոպիտ հաշվարկներով՝ Հայկական ԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ։
Sputnik Արմենիան սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:
«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,-հայտնել են գրասենյակից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ