Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

598

Արմֆլիքս մեդիապլատֆորմի արտադրանքը շարունակում են գողանալ և տարբեր հարթակներում այն ներկայացնել որպես սեփական արտադրանք։  Ընկերության կողմից ստեղծվող և լայն տարածում գտնող ֆիլմերը, որոնք բարձր վարկանիշ ունեն, տարբեր կեղծարարների կողմից ներբեռնվում և տարածվում են ինչպես տելեգրամյան ալիքներում, այնպես էլ՝ սոցիալական այլ ցանցերում։ Սեփական արտադրանքը պաշտպանելու և դիտողների իրավունքները ճիշտ գնահատելու համար ՀՀ քննչական կոմիտե ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում։ 

ՔԿ-ից Armday.am-ին փոխանցել են, որ Քրեական օրենսգրքի 227–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ մանրամասներ ՔԿ-ից չեն հայտնել։

Նշենք, որ այս հոդվածով սահմանվում է հեղինակային և հարակից իրավունքների խախտում, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին, կամ այլ իրավատիրոջը։

Հավելենք, որ Արմֆլիքսը հայկական ստրիմինգային օնլայն կինոթատրոն է, որտեղ  հնարավոր է դիտել հայկական ֆիլմեր և սերիալներ։ Այս պահին էլ առկա են մի շարք սերիալներ, որոնք նկարահանվում են Հայաստանում և ԱՄՆ–ում։ Դրանք ռեյտինգային են և վայելում են բազմաթիվ դիտողների համակրանքը։ 

 

--00—ԱՊ