ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Իսրայելի բանակը երկու ռազմական հենակետ է հիմնել Սիրիայի հարավ-արևմուտքում գրավված Հերմոն լեռան (աշ-Շեյխ) գագաթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Arab լրատվականը։ Ըստ իսրայելական կողմի՝ նման քայլ ձեռնարկվել է՝ ի պաշտպանություն սիրիացի դրուզների։
«Մենք Սիրիայում Հերմոն լեռը չենք թողնի մինչև հաջորդ ծանուցումը, ընդհակառակը, լեռան գագաթին հաստատվել է իսրայելական բանակի երկու դիրք», - նշվել է հայտարարության մեջ։
Մինչ սիրիական նոր վարչակազմը պնդում է, որ պաշտպանում է սիրիական հասարակության բոլոր շերտերին՝ առանց խտրականության, Իսրայելը բազմիցս պնդել է, որ Սիրիայում դրուզները ենթարկվել են հարձակումների, ինչը Դամասկոսը համարում է սիրիական ինքնիշխանությունը խախտելու պատրվակ:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի Սիրիայի դրուզների համայնքին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու համար։
Դրուզների համայնքը Իսրայելում, Սիրիայում և Լիբանանում հայտնի փոքրամասնություններից է: Իսրայելն ունի փոքր դրուզական համայնք, և մոտ 24 000 դրուզներ ապրում են օկուպացված Գոլանի բարձունքներում, որոնք Իսրայելը գրավել է Սիրիայից 1967 թվականի պատերազմի ժամանակ:
Հատկանշական է, որ երեք ամսից ի վեր իսրայելական բանակը հսկողություն է հաստատել Սիրիայի Հերմոն լեռան վրա։
Սիրիացի դրուզները ժողովրդական բողոքի ակցիաների և հայտարարությունների միջոցով իրենց մերժումն են արտահայտել Սիրիայի ներքին գործերին Իսրայելի ցանկացած միջամտության առնչությամբ և վերահաստատել երկրից իսրայելական բանակի դուրս բերելու իրենց կոչը:
Իսրայելական զինուժը 15 կմ լայնությամբ անվտանգության գոտի է պահպանում Սիրիայի հարավում և վերահսկում է ավելի քան 40 000 սիրիացիների օկուպացված սիրիական բուֆերային գոտում:
--00—ԱՀ