ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ադրբեջանն ու Հայաստանը առանձին հայտարարություններով վերջապես տեղեկացրել են, որ հարթել են իրենց տարաձայնություններն ավելի քան երեք տասնամյակ հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի շուրջ։ Այս մասին գրել է Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նա հիշեցրել է, որ հայտարարությունը «պատմական» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այն անվանել է «վճռական քայլ»։
«Երկրորդ հայտարարությունը մի փոքր ավելի մոտ է նշագծին: Սա մեկ մեծ քայլ է, որը կայունացնում է Հարավային Կովկասը, բայց ևս մի քանիսն անհրաժեշտ են լիարժեք խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով՝ միջազգային համատեքստը կրիտիկական է. մինչև Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են Ուկրաինայի ապագայի շուրջ, հայերը վախենում են սցենարից, երբ Ռուսաստանը, թոթափվելով պատերազմից, կրկին ագրեսիվ հայացք կուղղի Հարավային Կովկասի ուղղությամբ: Երկու հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու երկկողմ խաղաղության համաձայնագրին նույնիսկ սկզբունքորեն համաձայնելը, Մոսկվային ավելի քիչ լծակներ է տալիս միջամտելու համար: Ճեղքումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը համաձայնել է զիջել երկու չլուծված հարցերի շուրջ 17 հոդվածից բաղկացած տեքստի 12-րդ նախագծում, ինչի շուրջ բանակցություններն ընթանում են ավելի քան մեկ տարի: Առանձին բանակցությունների առարկա է մեկ կարևոր, բայց չլուծված հարց. ճանապարհային և երկաթուղային կապերի վերականգնման եղանակները, հատկապես այն երթուղին, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով:
Դե Վաալն ընդգծել է, որ փաստաթղթում բացակայում են այն տարրերը, որոնք սովորաբար ուղեկցում են պատմական խաղաղության համաձայնագրին և վերաբերում են հակամարտությունների ժառանգությանը, ինչպես օրինակ՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմները կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ խոստումները: Չի նշվում այն հարցը, որի շուրջ երկու ժողովուրդներն էլ երկու պատերազմ են մղել, հազարավոր կյանքեր են կորցրել։ Լեռնային Ղարաբաղի հայաշատ շրջանի հարցը բռնի ուժով կարգավորվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավել է այն, և նրա ողջ՝ 100 հազարանոց հայ բնակչությունը, դիմել է փախուստի։
--00—ՅՄ