Դատարանը կեղծ, ապօրինի որոշում է կայացրել ազդեցության արդյունքում. Մանուկյանը՝ կալանքի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ԱԱ

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես գիտեք 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Կալանքում գտնվելու ժամանակահատվածում ես տարբեր դատավորների կողմից կայացրած բազմաթիվ որոշումների հետ եմ ծանոթացել, սակայն այսպիսի անգրագետ դատական ակտ երբևէ չէի հանդիպել։ Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը, երբ ասում էր ՀՀ-ում վնգստացող դատավորներ կան կարծում եմ նկատի ուներ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին և իր նմաններին։

Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի պատճառաբանական մասում նշել է, թե իբր ես 08.06.2023 թ-ին, այսինքն մոտ երկու տարի առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ եթե դատարանը իմ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառի տնային կալանք ես չեմ կատարելու դատարանի որոշում։ Հավանաբար Աննա Մաթևոսյանը տեղյակ չէ, որ դատական նիստերը ձայնագրվում են և չի կարող ցույց տալ որևէ ձայնագրառում, որտեղ ես այդպիսի արտահայտություն հայտարարած լինեմ։ Իսկ եթե տեղյակ է, որ դատական նիստերը ձայնագրվում են և ինքն լսել է դատական նիստի ձայնագրառումը և դրանից հետո է կատարել նման արձանագրում, սա նշանակում է, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի մեջ գիտակցաբար կատարել է կեղծ արձանագրում, այսինքն գիտակցաբար կատարել է քրեորեն պատժելի արարք։

Տեղյակ եք նաև, որ «տուժող»խաչատուր քոքոբելյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ ինձ ուղարկեն բերդ, իսկ եթե այս հայտարարությանն էլ միացնում ենք այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կեղծ տվյալի հիման վրա փորձել է հիմնավորել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում։

Իհարկե ես շատ լավ գիտեմ ում միջոցով են կարողացել ստանալ այսպիսի անգրագետ և ապօրինի որոշում և դրանով իրենց հաջողվել է իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել կալանքով, սակայն նման անգրագետ և անօրինական որոշումներով դատարանը մեկ հիմնաքար հեռացրել է ՀՀ-ում արդարադատության հիմնասյուների հիմքերից և այսպիսի դատավորների նմանատիպ որոշումներն են հեղինակազրկում ամբողջ դատական համակարգը։ Եվ նմանատիպ որոշումներն են պատճառը, երբ ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում պետք է լուծարել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, քանի որ դրանց չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ը, քան այն ինչ ունենք ներկա պահին։ Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս կեղծ, հնարովի, անօրինական քրեական գործի հետ մի մտահոգվեք, որովհետև ձեզանից ոչ ոք չի վրիպել իմ տեսադաշտից։

Հ/Գ Տեղյակ եք նաև, որ ես գտնվելով 37 օր տնային կալանքի պայմաններում, իմ կողմից որևէ խախտում չի արձանագրվել»։

--00—ՍՊ