ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց այսօր Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։
Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում։
Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, պահանջելով տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։