Հորս խնդրել եմ վաճառի նավթամթերքի ներկրման ընկերությունն ու դուրս գա. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վանեցյան

Այն տեղեկատվական արշավը, որը տարվում էի նկատմամբ, այս վերջին շրջանը ցույց տվեց, որ ամբողջը սուտ է: Ստի վրա է կառուցված իմ դեմ տարվող ողջ տեղեկատվական արշավը: Չկա մի դեպք, որն իրականությանը համապատասխանում է:  Այս մասին տպագիր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եթե հիշում եք, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, մի քիչ ավելի լայն ֆորմատով հավաքվեցինք, պարոն Աբրահամյանն էլի առաջին հարցը հնչեցրեց՝ բիզնեսների հետ կապված: Ուզում եմ մեկ օրինակ բերել: Մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերով մի ռեպորտաժ են ցույց տալիս, որտեղ ուսումնասիրում են բենզինի և դիզվառելիքի շուկան: Ասում են՝ դաշտում հիմնական ներկրողներն են էսինչյան էսինչը, էսինչյան էսինչը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայր Գագիկ Վանեցյանը: Չեն ասում՝ Գագիկ Վանեցյանը, ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայր Գագիկ Վանեցյանը՝ ուշադրությունը սևեռելով դրա վրա: Հետո սենց կամաց, ինչ-որ մի տողով ասում են, որը 2019թ. ներկրումներ չի իրականացրել: Դրան բայց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում: Հետո՝ հիմնական խաղացողները սրանք են, սրանք են, սրանք են… Հիմա ես ձեզ ուզում եմ մի բան պատմել: 2018թ. մայիսին, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, հայրս նավթամթերքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերությունում ուներ որոշակի փայաբաժին: Որպեսզի շահարկումներից հեռու մնանք, ես խնդրել եմ հորս, որ այդ ընկերությունը վաճառի ու դուրս գա: Հայրս էլ ասել է՝ բայց հարկերը վճարում են, աշխատում ենք: Հայրս ինձ ասել է՝ «ես երբեք պետական աշխատանքի չեմ աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես եղել եմ բիզնեսի մեջ: Հանցագործությո՞ւն է բիզնես անելը»: Ասել եմ՝ ես քեզ խնդրում եմ՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար՝ դուրս արի: Դուրս է եկել: Այնուհետև իմ խնդրանքով նաև դադարեցրել է իր գործունեությունը, դա էլ գաղտնիք չէ, ծաղիկի ներկրումների շուկայում: Դրանք փաստեր են, որոնք կան: Դա ֆիքսված է հարկային մարմիններում, մաքսային մարմիններում: Ինչո՞ւ նաև ծաղիկի ոլորտում, որովհետև դա էլ էր շահարկվում, որովհետև հասարակության մեջ կա տպավորություն, որ ծաղիկը, դիզվառելիքն ինչ-որ մենաշնորհային բաներ են: Իմ խնդրանքով դադարեցրել է 2018թ. մայիսի 10-ից: Կարող են բոլորը հանել և նայել: Մնացել է մեկ ընկերություն, որտեղ շարունակում է իր գործունեությունը: Դա տրանսպորտային ընկերություն է: Այդ ընկերությունն ունի մեծ վարկային պարտավորություններ, և այն պետք է շարունակի գործել, որ այդ վարկերը մարի: Ու, բացի այդ, ի վերջո, դա հանցագործություն չէ, չէ՞, բիզնեսով զբաղվելը: 

Վերջին ընկերությունը տրանսպորտային ընկերություն է, որն այլ հաճախորդների մեջ ունի նաև ԶՊՄԿ-ն, այսինքն՝ այնտեղից տեղափոխում է բեռներ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:  Պայմանագիրը գործում է 2013թ. դեկտեմբերից:

Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ես Էրեբունու ԱԱԾ  բաժնի պետն եմ եղել, այդ ընկերությունը գործում է: Այն ժամանակահատվածից, երբ ներդրվեց «օրինապահ հարկատու» գաղափարը, այդ տարվանից չի եղել մի տարի, որ այդ ընկերությունը չընդգրկվի «օրինապահ հարկատու» ցանկում: Հարկերը վճարում է, աշխատատեղեր ստեղծում է, օրինական աշխատում է: Ու փաստերը շրջելով՝ ասում են՝ այդ ընկերությունը փայաբաժին ունի Քաջարանի կոմբինատում: Հիմա խնդրում եմ՝ ցույց տվեք՝ որտե՞ղ է այդ փայաբաժինը: Դա նորից տեղավորվում է այն ստի քարոզչության մեջ, որն իմ դեմ իրականացվում է վերջին արդեն մի քանի ամիսներին»,- 168.am-ի հաղորդմամբ՝ ասել է Վանեցյանը։