Քննարկվել է Ֆրանսիա մուտքի արտոնագրերի ազատականացման մեկնարկի վերաբերյալ մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

վիզա

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) գլխավոր տնօրեն Դիդիե Լեշիի գլխավորած պատվիրակությանը։

«Վերջին շրջանում մեր համագործակցությունը ՆԻՖԳ-ի գրասենյակի հետ դարձել է ավելի ինտենսիվ, ինչը շատ արդյունավետ է։ Հուսով եմ, որ դրանք նոր ձևաչափերով կշարունակվեն, ինչի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մեկնարկել ենք»,- ասել է Ա.Ղազարյանը՝ շեշտադրելով հատկապես հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Դ. Լեշին ևս բարձր է գնահատել երկարամյա համագործակցությունը երկու երկրների միջև։ Կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ մարտահրավերները։

«Ֆրանսիայում ոլորտի վերաբերյալ որոշ օրենսդրական փոփոխություններ են ընթանում, ինչի հիման վրա մենք պետք է վերանայենք նաև մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է գրասենյակի տնօրենը՝ հույս հայտնելով, որ արդյունքում համատեղ իրականացվող ծրագրերը կբարելավվեն:

Ի պատասխան ֆրանսիացի կոլեգայի կողմից առաջադրված հարցերի՝ ՄԾ պետը ներկայացրել է անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, երկրում կայացած և նախատեսվող բարեփոխումները, ռեադմիսիոն համաձայնագրի բարձր կատարողականը, ինչպես նաև այն հանգամանքը, որ զուգահեռ պարբերաբար միջգերատեսչական պատվիրակությունը արտագնա քննարկումներ է ունենում եվրոպացի գործընկերների հետ ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։