Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ» ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

կառավարություն

Կառավարությունը 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող  «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու որոշում է կայացրել։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը:

2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի և հաշվապահի:

Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի և պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման և վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել: