ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատին, նշում է, որ իշխանական քարոզչամեքենան այդ հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու իր ապարդյուն ջանքերն է շարունակում․
«Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:
2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում և թափանցիկություն զավեշտալի է, որովհետև Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:
3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:
4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլև Ալիևին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման և լեգիտիմացման համար:
5. Իմիջային կորուստները, կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի և այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել:
Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»,- ասված է գրառման մեջ: