25 տարեկան նորավարտը չի կարող որոշել մարդու ճակատագիր. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դեմ է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններին։ Օրենքը փոփոխություններ է նախատեսում էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թվի, փոփոխություն է կատարվում նաև հանձնաժողովի կազմում:

Աբովյանը վիճահարույց է համար դրույթը, որով իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դարձնելով 25: Նախագծերի փաթեթով սահմանվել է նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ՝ վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը:

«25 տարեկան նոր ավարտածը, կամ երկու տարի ավարտածը չի կարող որոշել մարդու ճակատագիր: Խորհուրդ կտամ պարոն Գրիգորյանին ուսումնասիրեք Միացյալ նահանգների ֆեդերալ դատավորների տարիքային շեմը կամ Անգլիայի օրինակը, Ուկրաինան էլ կարող եք ուսումնասիրել», - դիմելով իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ ասել է Աբովյանը:

«Պարոն Աբովյան, էդ սադրանքներին ուշադրություն մի դարձրեք», - ի պատասխանել տեղից միջամտել է Գրիգորյանը

«Ձերոնք սադրում են։ Եթե մարդ պիտի որոշում կայացնի՝ ուրիշ մարդու կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ: Կարող է լինել փայլուն, շատ լավ իրավաբան, վունդերկինդ, բայց կան դրույթներ և պահեր, երբ այդ նժարի վրա մարդու ներքին համոզմունքն է դրվում: Նրանք դա չեն կարող կատարել», - ասել է նա։