ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ-ում մարտի 14-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային կապերի բաժնից:
Մարտի 13-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա:
«Առանձնահատուկ որևէ միջոցառում դադարեցնելու մասին խոսք չի եղել, բոլոր դեպքերում քաղաքացիներին հորդորում ենք միջոցառումներից, մարդաշատ վայրերից խուսափել: Ժամկետների մասով ևս ոչինչ ասել չենք կարող: Բոլոր միջոցառումների համար է հորդորը, կոչ ենք արել հատկապես երեխաներին զերծ պահել մասնակցությունից»,- ասացին նախարարությունից:
Մարտի 13-ին նախարարությունը կոչ էր արել բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, «մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոններ, կինո, հանրային այլ վայրեր:
Աղբյուրը՝ PanARMENIAN.Net ։